Երբ շեշտադրում ենք անում մասնագիտական կրթության վրա, տեսնում ենք պտուղները, որոնք ոչ միայն նյութատեխնիկական արդիականացման արդյունքներն են՝ ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ, առողջապահական սարքավորումներ, այլեւ ուսանողների թվի աճը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջ կատարած այցից հետո լրագրողներին ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Սա մեր հիմնական նպատակներից էր, որ մեր երիտասարդներն իրենց մասնագիտության ռացիոնալ ընտրություն կատարեն: Կարեւորը, որ այս երեխաներն իրենք են կատարել իրենց ընտրությունը, եկել են արդիական հնարավորություններ ունեցող ուսումնական հասատատություն, եւ շատերն ավարտելուց հետո աշխատանքի կանցնեն: Սա շատ կարեւոր է կրթության եւ աշխատաշուկայի միջեւ կապն ամրապնդելու տեսակետից»,- ասել է նախարարը:

Աշոտյանի խոսքով՝ նախարարությունը վերջին տարիներին կտրուկ ավելացրել է պետական պատվերն այս ոլորտում, հանել է ընդունելության քննությունները՝ ուսանողը կարող է անվճար մասնագիտական կրթություն ստանալ, որովհետեւ կառավարությունը երաշխավորել է այդ հնարավորությունը:

«Ամբողջ հանրապետության տարածքով մենք վերջին 4-5 տարվա ընթացքում կարողացանք 7000-ով ավելացնել քոլեջներում եւ ուսումնարաններում սովորողների թիվը, ինչը բավական լավ արդյունք է: Մասնագիտական կրթության նպատակն է ստանալ գիտելիքներ, գնալ աշխատաշուկայում կիրառել դա, արդարացնել պետության եւ ծնողների սպասելիքները, հետո որոշել եւ բուհ գնալ»,- ասել է նա: