Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման 2015 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների կազմակերպման նպատակով տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Այս տարի Երեւանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով: Հոլանդիայից կներկրվի 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Ծաղիկներ են աճեցվում նաեւ քաղաքային ջերմատանն ու վարչական շրջանների ջերմոցային առանձին փոքր տնտեսություններում: Այս պահին արդեն 250 հազար ծաղիկ է աճեցված՝ պատրաստ տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ, ծաղկապատ տարածքների մակերեսը կհասնի 7.5 հեկտարի:
«Անցյալ տարի մենք մայրաքաղաքում ունեինք մոտ կես միլիոն վարդակակաչ, այս տարի այդ թիվը կկազմի 750 հազար, որից 250 հազարը անցած տարվա կակաչների սոխուկներն են, եւս կես միլիոնը տեղափոխվել են Հոլանդիայից»,- տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:





























