Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, հայտնի գիտնական Յաի Աուրոնը իր դժգոհությունն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի նախագահի ընտրած ոճի եւ արտահայտությունների վերաբերյալ: Այս մասին Asbarez-ում տպված հոդվածում գրել է «California Courier» թերթի գլխավոր խմբագիր եւ լրագրող Հարութ Սասունյանը:
Հունվարի 31-ին Երեւանում բացված Կոմիտասի նորաբաց թանգարանում գիտնականը հանդես է եկել «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» անունը կրող ելույթով:
«Իսրայելի նախագահը Ռեուվեն Ռիվլինը հանդես է եկել հրաշալի, զգացմունքային ելույթով՝ ցուցադրելով անկեղծություն եւ ցավակցություն բազմաչարչար հայ ժողովրդի հանդեպ: Սակայն նա գիտակցաբար չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը ոչ եբրայերենում, ոչ անգլերենում»,-հայտարարել է Աուրոնը:
Գիտնականը շարունակել է՝ նշելով, որ նախագահ Ռիվլին անձնական զրույցում նրան ասել է, որ չի փոխել իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ, սակայն որպես Իսրայելի նախագահ չի կարող արտասանել «ցեղասպանություն» բառը:
«Ես կարող եմ դա հասկանալ: Սակայն վերջին րոպեին՝ ելույթից առաջ, ինչ-որ մեկը, հավանաբար, Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունից, կարող է նաեւ հենց նախարար Ավիգդոր Լիբերմանը նրան հուշել է իր ելույթում ներառել այս հրեշավոր նախադասությունները՝ «Արդյո՞ք արդյունավետ էր մեր ասսամբլեայի հետ պայքարը ցեղասպանության դեմ: Արդյո՞ք այն արդյունավետ էր Բոսնիայում կամ Խոջալուում սպանությունների կանխարգելման ժամանակ»»,-հայտարարել է գիտնականը:
«Պարոն նախագահ, Դուք Խոջալուն հիշել եք ցեղասպանության կոնտեքստով: Դուք հրաշալի գիտեք տարբերությունը ցեղասպանության եւ զանգվածային սպանության միջեւ: Ո՞վ է Ձեզ առաջարկել նման հրեշավոր սխալ թույլ տալ: Դուք չեք համարձակվում «ցեղասպանություն» եզրը օգտագործել «Հայոց ցեղասպանության» մասին խոսելից, սակայն Դուք ցեղասպանություն եք անվանում զանգվածային սպանությունները գյուղում, որի անունը, ես վստահ եմ, Դուք չգիտեիք մի քանի րոպե առաջ»,-նշել է Աուրոնը՝ հավելելով, որ ինքը եւ նրա հրեա շատ եղբայրներ ներողություն են խնդրում եւ պատրաստվում են պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:





























