Ով փորձում է ծաղրել, իր թուլությունն է ցույց տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հայկական «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական day.az կայքի հայտարարությունները Հայաստանի ավազանային ձկնարդյունաբերության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ին տված հարցազրույցում Մկրտչյանը հայտարարել էր, որ Հայաստանն ունակ է սեւ խավիարի արտադրության համաշխարհային առաջատար դառնալ՝ հաշվի առնելով անկանոն որսի հետեւանքով Կասպից ծովում թառափի թվի կտրուկ նվազումը:

«Կարմիր խավիարի պարագայում առաջատար դառնալն անհնար է, բայց սեւ խավիարի պարագայում, ինչու՝ ոչ: Սեւ խավիարի ամենամեծ արտահանումն Իրանն է իրականացնում. տարեկան 80 տոննա: Սակայն առաջիկա 5-7 տարիներին մենք կհասնենք նրան, որ Հայաստանից կկարողանանք 150 տոննա սեւ խավիար արտահանել: Եթե միայն մեզ չխանգարեն աշխատեն»,- հայտարարել էր Մկրտչյանը: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանը շուրջ 13 տոննա կարմիր եւ 1.5 տոննա սեւ խավիար է արտահանել:

Ադրբեջանական day.az-ը, հարց առաջադրելով, թե ինչպես է դա հնարավոր անել, գրել է. հնարավոր է՝ հայ ձկնաբույծներն «օգտագործեն փորձված մեթոդները, իրենց ավազանային թառափներին կպատմեն «հայոց ցեղասպանության», «հզոր Հայաստանի», «միացման» մասին՝ այդպիսով բարձրացնելով ազգային ինքնագիտակցությունը»:

Ի պատասխան՝ Մկրտչյանը, զերծ մնալով նմանատիպ բառահոսքից, ընդգծեց. ծաղրը թույլերի ապաստանն է: Ուժեղը երբեք եւ ոչ ոքի չի ծաղրի: «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Իսկ ցեղասպանությունը խավիարի մասին խոսակցության նյութ դարձնելու համար բարոյապես սրիկա պետք է լինել»,- ամփոփեց նա: