Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովն այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր այցելության գլխավոր նպատակը սպորտի զարգացման ոլորտում 2 երկրների միջեւ ավելի սերտ հարաբերությունների հաստատումն է։ Ա. Ժուկովը նշել է, որ դեռ խորհրդային ժամանակներում Հայաստանն ուներ սպորտային մեծ ավանդույթներ, բարձր լեռնային պայմաններում մարզիկների նախապատրաստման համար կարեւոր մարզաբազաներ։ Մասնավորապես՝ Ծաղկաձորում իրենց մարզումներն անցկացրած մարզիկները այնուհետեւ շատ բարձր արդյունքներ են ցույց տվել։
«Այսօր էլ Ծաղկաձորը հանդիսանում է միանգամայն պահանջված, եւ ռուսաստանցի մարզիկները հաճույքով են գալիս այստեղ։ Ես կարծում եմ՝ մենք չպետք է բավարարվենք դրանով, պետք է զարգացնենք մեր համագործակցությունը մարզական գծով, առավելագույնս օգտագործենք այն հնարավորությունները, որ Հայաստանը կարող է տրամադրել ռուս մարզիկների պատրաստմանը։ Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք հրավիրել հայ մարզիկներին՝ պատրաստվել Ռուսաստանում, օգտագործել մեր մարզիչների փորձը։ Հնարավոր է մեր թիմերի համատեղ նախապատրաստում»,- ասաց Ա. Ժուկովը։ Նրա խոսքով՝ Ծաղկաձորը կարող է նախապատրաստական բազա դառնալ ԱՊՀ բոլոր երկրների մարզիկների համար՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային մարզաձեւերի գծով։




























