ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե իշխանությունների` իրենց համար ոչ ճիշտ խոսքերի համար փողոց կհանի հարյուր հազար մարդ, ուղղակի շանտաժ է իշխանությունների, պետության եւ ազգային անվտանգության հասցեին: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` նշելով, որ նմանատիպ շանտաժներն անընդունելի է:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` պետք էր չափազանց լուրջ վերաբերվել ԲՀԿ առաջնորդի այդ հայտարարությանը եւ համապատասխան գնահատականներ տալ:
«Մեր խորհրդի նիստն ավարտվեց բավականին ուշ, իսկ մեկ օր անց կեսօրին Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ հրավիրեց եւ հայտնեց հանրահավաքների մասին: Սա իսկապես վտանգում է մեր ազգային անվտանգությունը:: Բայց ինչո՞ւ այդ կոչով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը: Իրենց նիստից ընդամենը կես օր առաջ հնչել էին մտքեր, որոնք մտահոգել էին Գագիկ Ծառուկյանին, խոսքս Սերժ Սարգսյանի հայտարարած չորս կետերի մասին է: Նրա ելույթը ցույց տվեց այն մտահոգությունները, որոնք մենք մեր խորհրդի նիստում հայտնել էինք »,- ասաց Գագիկ Մինասյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` իրենք կամ կգնան բոլոր խնդիրների քաղաքակիրթ լուծման, կամ մենք կարող է ունենանք անցանկալի զարգացումներ, որոնք շահավետ կլինեն արեւմտյան եւ արեւելյան երկրների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























