Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի Վճռաբեկ բողոքը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ երեկ ուշ երեկոյան են ստացել Վճռաբեկ դատարանից պատասխան, ըստ որի՝ նրանց բողոքը մերժվել է: Փաստաբանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը անհիմն է մերժել իր բողոքը, Դավիթի եւ նրա հարազատների հետ քննարկելուց հետո թերեւս կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Երեմ Սարգսյանը խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատասխանին:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը: Նրանք Վճռաբեկ դատարան բողոք էին ներկայացրել՝ պահանջելով վերաորակել արարքը, գործը ուղարկել նոր քննության: http://news.am/arm/news/240579.html