ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդները փորձում են իշխանության արհեստական բեւեռացում կատարել: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

 «ՀՀ-ում ամեն ինչ իր տրամադրության տակ կենտրոնացրած մեկ բեւեռը փորձ է անում այն բաժանել երկու մասի: Այս խաղն արվում է, որպեսզի հասարակությունն ամբողջովին իրենց տրամադրության տակ լինի»,-ասաց Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդների ելույթում խոսք չկար անգամ հայ մարդու ազատագրման եւ Հայաստանի պետականության ամրապնդման մասին, ինչն ըստ Հայրիկյանի՝ ամենակարեւորն է:

«Ելույթի հիմքում չկա անկախությանը վերաբերող որեւէ բառ: Իրենց հետաքրքրում է ամեն ինչ, բացի ամենակարեւորից՝ հայ մարդու ազատագրումը եւ Հայաստանի պետականության ամրապնդումը: Ժողովրդի վիճակի վերաբերյալ  ձեւական երկու բառ կա, բայց այդ մասին կարող էին խոսել բոլորը, բացի այդ երկու անձից, որովհետեւ նրանք երկար տարիներ թիմով իրար հետ են եղել»,- նշեց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը պնդեց, որ Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին «իրար ուտել» հրամայված է «վերեւից»՝ նկատի ունենալով Ռուսաստանը։

«Նրանց վերեւից է հրամայված իրար ուտել ու դա անում են ցանկացած սահման անցնելով»,-ասաց Պարույր Հայրիկյանը: