Տաթեւի վանքի հարակից գյուղերի երեսունից ավելի նորապսակ զույգեր այս տարի առանձնահատուկ կերպով նշեցին Տեառնընդառաջի տոնը: Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, նորապսակների օրհնության կարգ կատարվեց, որին հաջորդեցին տոնական միջոցառումները:

Տեառնընդառաջի տոնակատարությունների եւ նորապսակ զույգերին համախմբելու նախաձեռնությունը պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին, որն իրականացնում է  «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը:

Օրհնության կարգից հետո, որի ժամանակ, շարականների կատարումով հանդես եկավ նաեւՏաթեւի երգչախումբը, նորապսակներն ու համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան վայելելու մայրաքաղաքից հրավիրված պարային համույթի եւ երաժիշտ կատարողների ելույթները: Զույգերի համար նաեւ ազգային տարազներով լուսանկարվելու հնարավորություն էր ստեղծվել:

«Մեր նպատակը ոչ միայն «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է, այլեւ  մշակութային կյանքի աշխուժացումը, նաեւավանդություններն ու սովորույթները ներկայացնող հետաքրքիր միջոցառումների կազմակերպումը, որոնք կարող են տարածաշրջանն ավելի գրավիչ դարձնել այցելուների եւ զբոսաշրջիկների համար: Նախորդ տարի, օրինակ, մենք Տաթեւի հարակից գյուղերում «Ոչխարների խուզման» փառատոն նախաձեռնեցինք, որը  նախատեսում ենք  այս տարի եւս կազմակերպել: Ուրախ ենք, որ այս բոլոր նախաձեռնություններն ստանում են նաեւ բնակիչների աջակցությունը»,-ասաց «Տաթեւի վերածնունդ» ծրագիրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետարանին եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սյունյաց թեմին՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:

Հիմնադրամի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից նորապսակ զույգերիննաեւ նվերներ մատուցվեցին: