Փետրվարի 8-ին Իլինոյսի (ԱՄՆ) Հոլոքոստի թանգարանում սիմպոզիում է կայացել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է «Chicago Tribune»-ը:
Քննարկման մասնակիցները հանգել են եզրակացության, որ յուրաքանչյուր ցեղասպանություն ինքնատիպ է, սակայն բոլոր դեպքերում դա նույնն բան է: Հայոց ցեղասպանության ամենից ակնհայտ առանձնահատկությունն այն է, որ թուրքական կառավարությունը հրաժարվում է իր պատմության այդ սարսափելի ժամանակաշրջանը ցեղասպանություն ճանաչել:
Անկարան ճանաչում է իրականացրած վայրագությունները, սակայն համառորեն շարունակում է պնդել, որ դրանք նախապես ծրագրված չէին, այլ պատերազմի հետեւանք:
Հայոց ցեղասպանության ժամանակ դաժանորեն 1.5 մլն հայ է սպանվել: Աղբյուրների մեծ մասի համաձայն, մինչեւ կոտորածներն Օսմանյան կայսրությունում ավելի քան 2 մլն հայ է ապրել: 1923 թվականին, տեղահանությունների զանգվածային սպանությունների արդյունքում, նրանց թիվը զգալիորեն կրճատվել է: Միսեսոտայի համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության ամերիկյան կենտրոնի հետազոտությունների համաձայն, 1914 թվականին Օսմանյան կայսրությունում 2.1 մլն հայ էր ապրում, իսկ 1922-ին՝ ընդամենը 387.800:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող պատմաբան Փիթեր Բալլաքյանի խոսքով, Թուրքիայում 30-40 հազար հայ է մնացել: Հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն առաջինն է եղել, ով 1944 թվականին օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը՝ Առաջին աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո հայերի եւ ասորիների կանոնավոր կոտորածը բնութագրելու համար:
Հարավային Կալիֆորնիայի Հոլոքոստի հիմնադրամը կարեւորագույն դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների վավերագրության հարցում: Սիմպոզիումի ընթացքում ներկայացվել է մի կնոջ հարցազրույցը. «Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչ արեցին իմ հարեւանուհու հետ: Նրա մազերից բռնեցին ու խարույկը նետեցին»: Այնուհետեւ, կնոջ խոսքով, իր 4-ամյա քույրը մահացել է տեղահանության ժամանակ, գնացքում, եւ թաղվել երկաթուղային կայարանից քիչ հեռու: Թուրքական կոտորածներից շուրջ մեկ միլիոն հայ է փրկվել, այդ թվում՝ 132 հազար որբ:
Միջոցառման մասնակիցները բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին քննադատել են Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու պատճառով Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: «ԱՄՆ Կոնգրեսը չի մոռացել Հայոց ցեղասպանության մասին»,- վստահեցրեց ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերի խմբի նախագահ Ռոբերտ Դոլդը: Ի դեպ, նա Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունման ակտիվ կողմնակիցներից է: «Այդ բանաձեւը լույս կսփռի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության վրա եւ կապացուցի, որ ԱՄՆ Կոնգրեսը ճշմարտության կողմն է»,- հայտարարեց Կոնգրեսականը:





























