Ռուս գյուղացու նկատմամբ, որը Նովոսիբիրսկի Կույբիշեւսկի շրջանի «Սբերբանկ»-ի գրասենյակի մոտ գոմաղբ էր դատարկել, վարչական վարույթ է կազմվել: Ցուցարարին կարող են տուգանել 10-20 հազար ռուբլով:
Բանկի գրասենյակի առաջ գոմաղբ թափած գյուղացու ձերբակալության մասին հայտնի էր դարձել փետրվարի 13-ին: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իրեն ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքից: Ըստ նրա, միայնակ ցույց կարելի է իրականացնել ժամը 07:00-ից մինչեւ 20:00-ն ընկած հատվածում, իսկ ինքն իր ակցիան շուտ է սկսել: Նա նաեւ հավելել է, որ գործը, ամենայն հավանականությամբ, կավարտվի տուգանքով:
Հիշեցնենք, որ ռուս գյուղացին փետրվարի 13-ին սայլով գոմաղբը դատարկել էր «Սբերբանկ»-ի գրասենյակի առջեւ: Գոմաղբի վրա նա նաեւ տեղադրել էր «Ո´չ վարկային ստրկությանը» եւ «Դրամատերերը ազգի թշնամիներն են» գրությամբ ցուցապաստառներ: Իր այս քայլով գյուղացին ցանկանում էր մարել իր վարկի մի մասը:
Սակայն բանկում գյուղացու գործողությունները որակել են որպես խուլիգանություն եւ վիրավորանք: Ի պատասխան բանկի աշխատակիցները որոշել են միջոցառում իրականացնել փետրվարի 14-ին՝ Բոլոր սիրահարների օրվա կապակցությամբ քաղաքի բնակիչներին ծաղիկներ նվիրելով:





























