Քննիչն, օգտագործելով առիթը, որ մեղադրյալը չգիտի հայերեն, գործի նյութերին է կցել մեղադրյալի վերաբերյալ մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հաղորդումն այն մասին, որ իր վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչը, տեղեկանալով, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալը չի տիրապետում հայերենին, անձնական այլ դրդումներից ելնելով, կազմել եւ գործի նյութերին է կցել վերջինիս իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարույթն իրականացնողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:





























