Եգիպտոսի հյուսիսում՝ Սինայի թերակղզում, կանխվել է 2 ականապատ մեքենաների մասնակցությամբ պլանավորված ահաբեկություն։ Ոստիկանության բաժնի անվտանգության աշխատակիցները իրենց ուղղությամբ շարժվող երկու կասկածելի մեքենա են նկատել եւ կրակ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի հետեւանքով մեքենաները պայթել են՝ ոստիկանական տեղամաս չհասած։ Միջադեպի հետեւանքով երկու ոստիկան վիրավորվել են։ Ոստիկանական տեղամասի մոտակա տները վնասվել են։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ 2013թ. Կահիրեում իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի իշխանազրկումից հետո Եգիպտոսում հաճախակի են դարձել ահաբեկչության դեպքերը՝ հատկապես Իսրայելին սահմանակից Սինայի թերակղզում, որտեղ հունվարին մի շարք ահաբեկություններ էին տեղի ունեցել։ Դրանց պատասխանատվությունը ստանձնել էին «Իսլամական պետության» հետ կապ ունեցող «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորման գրոհայինները։