Ընթացիկ տարվա հունվարին, ի տարբերություն 2013 թվականի դեկտեմբերի, ԱՄՆ դոլարը Հայաստանում ամրապնդվեց գրեթե 18%-ով: Ռուսաստանում դոլարի փոխարժեքի գրեթե նույն տեմպերն արձանագրվել են անցյալ տարվա հուլիսին: Այնուհետեւ գործընթացը թափ հավաքեց, եւ ընթացիկ տարվա հունվարին հակառեկորդ սահմանվեց. ռուբլու հանդեպ դոլարի փոխարժեքն աճեց 2.3 անգամ

Մեր հյուսիսային հարեւանի մոտ դժվարին խնդիրների գորդյան հանգույցն ակնհայտ է, ընդ որում, ինչպես հին, այնպես էլ նոր:

Ռուբլու անկումը մեխանիկորեն ավելացրեց ռուսական բանկերի եւ կորպորացիաների հավասարակշռության մեջ արժութային պարտավորությունները: Իրավիճակը խորացրեց միջազգային գործակալությունների կողմից վարկանիշերի նվազեցումը: Հունվարին «Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկային վարկանիշն իջեցրեց մինչեւ «BB+» աստիճանի (այսպես կոչված «աղբային» մակարդակի), ինչը ներդրումային մակարդակից ցածր է: Այլ կերպ ասած՝ խորհուրդ չի տրվում Ռուսաստանում ներդրում կատարել՝ բարձր ռիսկերի պատճառով:

Մեկ այլ վարկանիշային գործակալությունը՝ «Fitch»-ը, արտասահմանյան եւ ազգային արժույթով Հայաստանի թողարկային դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-»-ից իջեցրեց «В+»-ի: Գործակալության նշած պատճառներից մեը Ռուսաստանում փոխարժեքի անկումից մեր երկրի տնտեսության կախվածությունն է:

Արտարժույթի հետ կապված իրավիճակն ամենեւին էլ լավատեսություն չի ներշնչում: 2013 թվականի դեկտեմբերից 2014-ի նոյեմբեր Հայաստանի արժութային պահուստները նվազել են ավելի քան 0.7 մլրդ-ով կամ գրեթե 1.5 անգամ: Շատերը կարծում են, որ արժութային շուկայում «դոլարային» ներդրումներով Կենտրոնական բանկը փորձում էր կանխել դրամի փոխարժեքի անկումը: Բայց չի բացառվում, որ միաժամանակ բավարարվում էր դոլարի գնորդների որոշակի խոշոր շրջանակի պահանջը:

Ինչ վերաբերում է արժութային շուկաներում միջամտություններին, ապա Ռուսաստանի տխուր փորձը հատկանշական է: Չնայած անցյալ տարվանից մինչեւ այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Բանկն արժութային շուկայում գրեթե 81.3 մլրդ դոլար եւ 5.7 մլրդ եվրո է վաճառել, տեսանելի ապագայում արժութային շուկայի վրա դա չի ազդել:

Ռուսաստանի համար խրոնիկ «մինուս»-ին ավելացավ նաեւ երկրից կապիտալի հսկայական արտահոսքը, որը զգալիորեն գերազանցեց նախկինում հնչած կանխատեսումները: Պաշտոնական տվյալներով, անցյալ տարի կապիտալի զուտ արտահոսքը հասավ ռեկորդային ցուցանիշի՝ 151.5 մլրդ դոլարի:

Իսկ Հայաստանում, չնայած արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն անցյալ տարի կրճատվել է աննշան 3.7%-ով, ամեն դեպքում, շարունակում է մեծ գումար կազմել՝ 2.6 մլրդ դոլար: Բացի այդ, արտաքին մասնավոր դրամական փոխանցումների գումարը կրճատվել է (անցյալ տաչվա հունվար-նոյեմբերին՝ 80.7 մլն դոլարով), իսկ դրանց արտահոսքն ավելացել է (17.6 մլն դոլարով):

Նշենք, որ զարգացած երկրների մեծ մասում մեկ այլ գլխացավանք է գնանկումը: Այդ պետությունների Կենտրոնական բանկերն արդեն վերաֆինանսավորման դրույքաչափը նվազեցրել են մինչեւ չնչին տոկոսների: Նպատակը տնտեսության աճը խթանելն է:

Հայաստանում վերաֆինանսավորման դրույքաչափն ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում երեք անգամ ավելացել է: Արդյունքում, այդ ժամանակահատվածում դրույքաչափն աճել է 3.75%-ով՝ հասնելով 10.5%-ի:

Պաշտոնապես, ամեն ինչի պատճառն արտաքին գործոններն են. դոլարի արժեւորումը, արդյունաբերական եւ հումքային համաշխարհային շուկայում գների աճը: Սակայն միջազգային փորձագետները նաեւ այլ բացատրություն ունեն. մի շարք «զարգացող» երկրներում արժութային ճգնաժամի նախնական պատճառն ազգային արժույթի արհեստական փոխարժեքն է: Հիշեցնենք, որ անցյալ տասնամյակում Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազում էր, եւ 2003-2008 թվականներին կրճատվեց գրեթե 1.9 անգամ (578.8 դրամից հասնելով 306.0 դրամի): Հավելենք, որ բազմաթիվ անկախ փորձագետներ դրամի նման ամրապնդումն անհիմն էին համարում: