Մահացած զինծառայողների ծնողները, որոնց նկատմամբ փետրվարի 11-ին նախագահական նստավայրի մոտ բռնություն էր կիրառվել, նամակով դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Կարեն Անդրասյանին եւ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
«Ոստիկանապետից պահանջել ենք, որ քննություն իրականացնի եւ պատժի այն ոստիկաններին, որոնք նման կերպ վարվեցին մեզ հետ: Իսկ ՄԻՊ-ից եւ Գագիկ Ծառուկյանից պահանջում ենք համապատսխան գնահատական տալ կատարվածին»,-ասաց նա:
Իրինա Ղազարյանի խոսքով՝ իրենց ուզածն արդարադատությունն է եւ իրականության բացահայտումը իրենց տղաների գործերով:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները փետրվարի 11-ին ցանկացել են նախագահականից տեղեկանալ ՝ ինչու է նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակը մնացել անպատասխան: Դրանից հետո ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել են դիմացի մայթ: Ոստիկանների կողմից բռնության կիրառելու հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, բարձրացել է արյան ճնշումը, կինը ուշագնաց է եղել։ Ոստիկանները շտապ օգնության մեքենա են կանչել:





























