Ադրբեջանը կատարելագործվում է մարդասիրական հարցերի լուծման արյունարբու մոտեցումներում: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով գերի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու՝ ադրբեջանական իշխանությունների որոշումը:

«Ադրբեջանական կողմը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում իրավիճակը մեղմելու ուղղությամբ, այլեւ ավելի շատ արյունարբու պահվածք է դրսեւորում: Այդ պետության քաղաքականությունն անիմաստ վրեժխնդրությունն է՝ անկախ նրանից, դրա համար պատճառ կա, թե՝ ոչ»,- նշեց փորձագետ:

Արցախի Հանրապետության բնակիչ Արսեն Բաղդասարյանը պատանդառվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Որոշ տվյալների համաձայն, երիտասարդը փախել է դատավարությունից: Անցած մեկուկես ամսվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերուն մեղադրել են դիվերսիայի եւ սպանության մեջ՝ փորձելով նրան ներկայացնել որպես «դիվերսիոն խմբի անդամ»: Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մեղադրանքից տարածած հատվածում հակասություն կա: Այսպես, դրանում նշվում է, որ «ադրբեջանական զինվորների զգոնության արդյունքում դիվերսանտները ձերբակալվել են, երբ պատրաստվել են վերադառնալ: Նրանց տեղադրած ականները վնասազերծվել են»: Սակայն Բաղդասարյանը մեղադրվում է սպանության մեջ:

Ամենայն հավանականությամբ, Բաղդասարյանի նկատմամբ մեղադրանքներն ուղղակիորեն կապված են Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի նկատմամբ իրականացված դատաքննության հետ: Խմբի երրորդ անդամը՝ Հասան Հասանովը, ձերբակալության ժամանակ սպանվել է: Հիշեցնենք, որ հանցավոր խմբի գործողություններից է նաեւ անչափահաս Սմբատ Ցականյանի սպանությունը, մեքենայի վրա հարձակումն ու Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանի սպանությունը, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դավթյանին վիրավորում հասցնելը:

«Ասկերովի եւ Գուլիեւի դեպքում մի կողմ թողնենք սահմանն անցնելու շարժառիթները: Ցանկացած պետությունում ծանր հանցագործությունները պատժվում են Քրեական օրենսգրքի ամբողջ խստությամբ: Երեխայի սպանությունն ու սահմանը պատահաբար անցնելը համեմատել կարող է միայն հիվանդ երեւակայություն ունեցող, արյունարբու մարդը»,- ընդգծեց Արկադի Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է անկարգապահ նախկին պայմանագրային Բաղդասարյանին որպես դիվերսանտ ներկայացնելու փորձին, ապա ռազմական փորձագետը հիշեցրեց Ադրբեջանի իշխանությունները նման փորձ անում են յուրաքանչյուր պատեհ եւ նույնիսկ անպատեհ առիթով: «Հիշեք Մամիկոն Խոջոյանին: Ծեր, ոչ ադեկվատ վիճակում գտնվող մարդուն դիվերսանտ ներկայացնելու փորձերը ծաղրական արձագանք գտան նույնիսկ ադրբեջանական հասարակությունում: Չդիմանակով գերության մեջ ենթարկված ցնցմանն ու տանջանքներին՝ տարեց տղամարդը հայրենիք վերադառնալուց հետո մահացավ: Հիշեք Կարեն Պետրոսյանին: Ձերբակալությունից անմիջապես հետո արված կադրերում նա քաղաքացիական հագուստով է: Իսկ հետագայում՝ «հանկարծ» զինվորական բաճկոնակով: Երիտասարդին գերության մեջ պարզապես կտտանքների են ենթարկել: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մանվել Սարիբեկյանը»,- հայտարարեց Արկադի Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է գերիների շուտափույթ փոխանակման պարտավորությունը: Միաժամանակ, ադրբեջանական կողմը խոչընդոտում է գերիներին ու պատանդներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների այցելություններին: Մասնավորապես, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դեռեւս չեն կարողացել այցելել մեկուկես ամիս առաջ պատանդառված Արսեն Բաղդասարյանին: