Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը որոշել է հրաժարվել երկրորդ՝ ամերիկյան քաղաքացիությունից: Այս մասին գրում է Sunday Times-ը: Այդպիսով, քաղաքապետը կազատվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ճանապարհին առկա խոչընդոտից:

Բորիս Ջոնսոնը ծնվել է Նյու Յորքում, որտեղ նրա հայրը սովորել է համալսարանում: Այդ պատճառով ծնվելիս, բրիտանական հպատակությունից բացի, նա նաեւ ամերիկյան քաղաքացիություն է ստացել: Դրանից հրաժարվելու որոշման մասին Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է այցով ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ:

«Պատճառը, որի համար ես, հավանաբար, կցանկանամ կատարել այդ փոփոխությունը, այն է, որ ես հավատարիմ եմ եւ միշտ հավատարիմ եմ եղել Մեծ Բրիտանիային»,- Sunday Times-ին ասել է Բորիս Ջոնսոնը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Ջոնսոնը նաեւ հայտարարել է, որ ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվելու ցանկության մասին ասել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Մեթյու Բարզանին: Դրանից հետո նա մտադիր է իրավական գործընթաց սկսել: «Դա աշխատատար գործընթաց է լինելու»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով. «Նրանց մոտ դա շատ բարդ է արվում»: