Հյուսիսային Կալիֆորնիայում բժշկական մարիխուանայի կեղծ կլինիկաների ցանցի սեփականատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել: CBS հեռուստաալիքի հաղորդմամբ, Միխայիլ Մալենկովին մեղադրում են փողերի լվացման, ինչպես նաեւ Բերքլիում, Օքլենդում, Սան Խոսեում եւ Սակրամենտոյում ապօրինաբար մասնավոր բժշկական գործունեությամբ զբաղվելու մեջ: Հանցավոր գործունեության արդյունքում ստացված միլիոնավոր միջոցների մի մասն ուղարկվել է Ուկրաինա, անհայտ հասցեատերերի:

Նահանգի իրավաբանական պրակտիկայի պատմության մեջ նման առաջին դեպքը քննվելու է այս շաբաթ, Կալիֆորնիայի Գերագույն դատարանում: Նահանգի դատախազությունը կարծում է, որ Միխայիլ Մալենկովը նման հիվանդանոցների ցանցը կառավարել է 420 MD անվան ներքո:

Ըստ Slavicsac-ի, ձերբակալվել է բժիշկ Բեննի Բրաունը, ով նահանգում բժշկական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ունի: Սակայն հիվանդանոցը ղեկավարել են մարդիկ, որոնք բժշկության հետ ոչ մի կապ չեն ունեցել: Իսկ դա լուրջ հանցագործություն է համարվում Կալիֆորնիայում:

Մալենկովի փաստաբանը հայտարարել է, որ նա ընդամենը մարքեթինգային ծառայություններ է մատուցել դոկտոր Բրաունի գրասենյակին: Սակայն դատախազությունն այդ կարծիքին չէ: Պետական մեղադրողները հայտարարում են, որ հենց Մալենկովն է վարձակալել տարածքը եւ վճարել անձնակազմի անդամների աշխատավարձը:

Նահանգի դատախազությունը կարծում է, որ խոշոր կազմակերպված հանցագործ կառույցի հետքի վրա է ընկել, որը կապ ունի բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման ոլորտում կոռուպցիոն սխեմաների հետ: