HSBC բանկը բրիտանական մի քանի կիրակնօրյա պարբերականներում հրապարակված բաց նամակում ներողություն է խնդրել, որ հարուստ հաճախորդներին օգնել է ակտիվները թաքցնել հարկերից՝ ընդգծելով, որ դա անցած օրերի գործ է եւ նշելով, որ շվեյցարական բաժանմունքի հաճախորդների թիվը շուրջ 30 հազար է եղել:

Ավելի վաղ, լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հաղորդել էր, որ բրիտանական HSBC-ի շվեյցարական բաժանմունքը 2000-ականների երկրորդ կեսին հաճախորդներին, որոնց թվում են եղել միջազգային հանցագործներ, գործարարներ, քաղաքական գործիչներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչ Բրիտանիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից եւ աֆրիկյան մի շարք երկրներից, օգնել է միլիոնավոր դոլարներ թաքցնել:

«Լրատվամիջոցների ուշադրությունն այսօր կենտրոնացել է պատմական իրադարձությունների ուղղությամբ, որոնց ցույց են տալիս, որ չափանիշները, որոնցով ներկայում մենք աշխատում ենք, ութ տարի առաջ ամբողջությամբ չեն ներդրվել մեր շվեյցարական բաժանմունքում: Մենք պետք է ցույց տանք, որ հանրությունը մեզանից ավելին է ուզում: Այդ պատճառով մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում»,- ասված է նամակում, որը ստորագրել է բանկի այժմյան ղեկավար Ստյուարտ Գուլիվերը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Գուլիվերը նշել է, որ ներկայում ամբողջ աշխարհում քննարկվող վկայություններն ավելի քան 8 տարի առաջ գողացել է բանկի նախկին աշխատակիցը: