Դոնբասի անջատականների եւ ուկրաինական ուժայինների միջեւ կիրակի կեսգիշերին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, բացի Դեբալցեւոյի շրջանից, որտեղ մի քանի հազար ուկրաինական զինծառայողներ շրջափակման մեջ են:

Ամեն դեպքում, «լռության ռեժիմի» առաջին ժամերին կողմերը սկսել են միմյանց մեղադրել պայմանավորվածությունները խախտելու մեջ: Այսպես, ԴԺՀ-ի պաշտպանության նախարարության կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ գիշերը ժամը 2-ին Դեբալցեւոյի շրջափակված ուկրաինացի ուժայինները կրակ են բացել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դիրքերի ուղղությամբ:

Իր հերթին, Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն ԴԺՀ-ի անջատականներին մեղադրել է հրադադարի ռեժիմը 10 անգամ խախտելու եւ ուկրաինական զինվորների դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ:

Սակայն արդեն կեսօրին մոտ Ուկրաինայի գլխավոր շտաբից հայտարարել են, որ առավոտյան ժամը 3-ից ուկրաինական ուժայինների դիրքերի ուղղությամբ կրակահերթեր չեն արձանագրվել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ Դեբալցեւոյի մերձակայքում տիրող իրավիճակը կարող օգտագործվել՝ հրադադարի ռեժիմը խափանելու համար: