Ժամանակին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի գլխավոր պողոտայում գինու մասնագիտացված խանութ է եղել, սակայն հետագայում, սեփականաշնորհումների ալիքի հետ, դադարել է գոյություն ունենալ:

Ձեռներեց Սերգեյ Օսիպյանը երկրին է վերադարձրել «Մոլդավիայի գինիներ» խանութը, ընդ որում, հարգելով ավանդույթները, «Մոլդավիա» բառը չի փոխել «Մոլդովա»-ի: Այս մասին գրում է MyBusiness.md առցանց-պարբերականը:

Շտեֆան չել Մարե պողոտայի եւ Հայկական փողոցի աշխույժ խաչմերուկում՝ նկուղային տարածքում, նա սրճարան է ունեցել: 2008-2009 թվականներին մեկ ճգնաժամ հաղթահարելով՝ բիզնեսը չի կարողացել հաղթահարել 2013-2014 թվականների փորձությունը: Սակայն Սերգեյ Օսիպյանը մտածել է. «Իսկ ինչո՞ւ այլ բիզնես չբացել, օրինակ՝ գինու-կոնյակի խանութ»:

«Իմ կարծիքով, սրճարանը փակելու եւ «Մոլդավիայի գինիներ. Vinurile Moldovei. Wines of Moldova» խանութ բացելու որոշմանը նպաստեց Գինու ազգային օրվա անցկացումը: Բացի այդ, անվանումն ինձ մոտ ուսանողական տարիների հիշողություններ է արթնացնում, որոնք ես անցկացրել եմ Կիեւում: Հեռավոր Արեւելքից իմ համակուրսեցիներն այդ տոնին սիրում էին Մոլդավիա մեկնել եւ միշտ գինիներ էին բերում: Այդ տարիներին ես ամուսնացա մոլդավուհու հետ, եւ 30 տարի առաջ նրա հետ փոխադրվեցի Քիշնեւ: Մոլդավական գինիների հետ կապված այդ հաճելի պահերը մինչեւ հիմա հիշում եմ, եւ ցանկացա պահպանել դրանք»,- խոստովանել է խանութի սեփականատերը

Նրա խոսքով, շատ է զարմացել, երբ փակվել է մեկ փողոց այն կողմ գտնվող «Մոլդավիայի գինիներ» հայտնի խանութը: Իսկ երբ փակվել է գլխավոր պողոտայի Cricova խանութը, ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ, թե ինչպես կարող է գինու երկրում նման բան տեղի ունենալ. «Ես հայ եմ, ով ծնվել է Բաքվում, սովորել Կիեւում եւ ապրում է Քիշնեւում: Եվ որոշեցի, որ գինեգործական հանրապետությունում անպայման պետք է «Մոլդավիայի գինիներ» խանութ լինի: Երբ գնացի Գյուղնախարարությունում՝ ապրանքանիշը հաստատելու եւ «Սպիտակ արագիլ» լոգոն օգտագործելու թույլտվություն ստանալու համար, այնտեղ չափազանց զարմացան՝ պարզելով, որ «Մոլդավիայի գինիներ» ապրանքանիշը գրանցված չէ պետության կողմից: Բայց ես, անկեղծ ասած, ոչ մի հավակնություն չունեմ դրա նկատմամբ: Այդ ապրանքանիշը պետք է ազգային լինի, թող մյուս ձեռներեցներն էլ այդ անվան ներքո գինու խանութներ ստեղծեն»:

Այդպիսով, «Մոլդավիայի գինիներ»-ը վերադարձել է քաղաքի առեւտրային կենտրոն: