Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Ցիբենկոյին կանչել են Վրաստանի ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների միջազգային խորհրդի ղեկավարի պաշտոնում նշանակելու կապակցությամբ:
Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է ուկրաինական դիվանագետին կանչելու փաստը: ԱԳՆ մամուլի ծառայությունում հայտարարել են, որ դեսպանը կանչվել է՝ այդ հարցի շուրջ պարզաբանումների համար: Գերատեսչությունում նաեւ նշել են, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան մտադիր է Ուկրաինայի համապատասպան գերատեսչություններից պարզաբանումներ ստանալ՝ այդ երկրում Միխայիլ Սահակաշվիլիին բարձր պաշտոն տրամադրելու առիթով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 13-ին հրամանագիր է ստորագրել՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իր արտահաստիքային խորհրդական եւ Բարեփոխումների միջազգային խորհրդակցական նորաստեղծ խորհրդի ղեկավար նշանակելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է ուկրաինական նախագահի պաշտոնական կայքում:
«Մենք բավական երկար էինք մտածում, թե ինչպես կարելի է օգտագործել Միխայիլ Սահակաշվիլիի գիտելիքներն ու փորձը: Վրաստանում նա կարողացավ բարեփոխել տնտեսության, քաղաքականության եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Մինչեւ վերջերս Միխայիլը ըստ էության բարեփոխումների հարցերով արտահաստիքային խորհրդարան է եղել: Եվ այսօր, վերջապես, նա պաշտոնական կարգավիճակ ստացավ»,- ասել է նախագահը:
«Միխայիլը կդառնա Ուկրաինայի ներկայացուցիչն արտերկրում եւ, միաժամանակ, Ուկրաինայում միջազգային հանրության ներկայացուցիչը: Վստահ ենք, որ հենց նա կարող է բարեփոխումների հարցերով երկկողմ հաղորդակցություն հաստատել Ուկրաինայի եւ աշխարհի միջեւ. ներգրավել միջազգային լավագույն փորձը եւ պատվով ներկայացնել մեր երկիրն արտասահմանում»,- նշել է նախագահ Պյոտր Պորոշենկոն:





























