Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի գլխավոր շտաբը ծրագիր է մշակել, որի համաձայն՝ բանակում զինծառայողների կոչումը բարձրացնելիս անպայման պետք է հաշվի առնել ավելորդ քաշի առկայությունը։ Ավելորդ քաշ ունեցող զինվորականները չեն կարող ծառայողական սանդուղքով վեր բարձրանալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՉԺՀ պաշտպանության նախարարությանը։

«2015-2020թթ. զինծառայողների ֆիզպատրաստվածության զարգացման եւ բարեփոխումների պլանը նախատեսում է կառավարման արդյունավետ համակարգ ստեղծել եւ բարեփոխումներ անցկացնել ֆիզպատրաստվածության համակարգում։ Պլանը նախատեսում է պահպանել զինծառայողների մարմնի քաշի պարտադիր չափանիշները, ընդ որում, պաշտոնի բարձրացումն ուղղակիորեն պետք է կապ ունենա ֆիզպատրաստվածության մակարդակի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Չինաստանի Ազգային անվտանգության համալսարանի փորձագետ Լի Դագուանը նշում է, որ չինացի զինծառայողները վերջին անգամ իրական պատերազմական գործողությունների մասնակցել են 30 տարի առաջ, եւ ներկա հարմարավետ պայմաններում ավելորդ քաշ են հավաքում։