Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետեւանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանության փաստը:
«Մեր ցավակցությունը եւ զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իսլամական պետության» գրոհայինները համացանցում տարածել են 21 եգիպտացիների մահապատժի տեսանյութը, որոնց առեւանգել էին Լիբիայում: Մահապատժի ենթարկվածները քրիստոնյա ղպտիներ են եղել:
Տեսանյութում նարնջագույն հագուստով գերիներին գլխատում են ծովի ափին: Զինվորական հագուստով գրոհայիններից մեկը հայտնում է, որ «Իսլամական պետությունն» ընդլայնում է իր գործողությունները Լիբիայի տարածքում: Նա խոստացել է «ոչնչացնել ծովի այն ափրին գտնվող քրիստոնյաներին»: Քանի որ ողբերգությունը տեղի է ունեցել Միջերկրական ծովի լիբիական ափին, կարելի է ենթադրել, որ սպառնալիքը հասցեագրված է եվրոպացիներին:





























