Ռուսաստանի Կիրովի մարզի Սոզիմ համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել կենդանիների հետ դաժանաբար վարվելու համար եւ տուգանվել 50 000 ռուբլու չափով:

 Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2014թ.-ի նոյեմբերին, գյուղի կաթսայատանը:  Հետաքննության տվյալներով՝ Ելենա Կոստորնայան ոչ սթափ վիճակում գնացել է կաթսայատուն, որտեղ փոքր մի շուն սկսել է հաչալ նրա վրա: Կինը սկզբում պահանջել է դուրս շպրտել շանը, հնոցապանը, սակայն, հրաժարվել է ենթարկվել նրա հրամանին: Գյուղապետի նյարդերը տեղի են տվել. նա բռնել ու շանը գցել է վառարանի մեջ:  Հնոցապանի խոսքով՝ կենդանին վայրկենական շունչը փչել է:

Մարզի բնակիչներ, իմանալով այդ մասին, դատախազությունից պահանջել էին անհապաղ քրեական պատասխանատվության ենթարկել կնոջը: Հարուցվել էր քրեական գործը: Կին պաշտոնյան, սակայն, այդ ժամանակ հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ հակընդդեմ հայց է ներկայացնելու՝ զրպարտության համար: