Ֆիլիպիններում զինված երկու խմբավորումների միջեւ տեղի ունեցող բախումների պատճառով մոտ 8000 մարդ է տարհանվել: Ria.ru-ի հաղորդմամբ՝ երկրում վերսկսվել են ռազմական գործողությունները «Մորոյի  ազատագրման իսլամական ճակատ» եւ «Բանգսամորոյի  ազատագրման զինյալներ» խմբավորումների միջեւ:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ասել են, որ իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ, ուստի բնակիչներին Պիկետ քաղաքիտարհանման կենտրոն տեղափոխելու որոշում է կայացվել:

Ֆիլիպինների բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են, մուսուլմանները կազմում են բնակչության 5 տոկոսը եւ հիմնականում կենտրոնացած են երկրի հարավում, որտեղ  տարբեր ուղղությունների պատկանող  իսլամական կազմակերպություններ են գործում:

«Բանգսամորոյի  ազատագրման զինյալներ» խմբավորումը «Մորոյի  ազատագրման իսլամական ճակատից» անջատվել է մի քանի տարի առաջ, երբ վերջինը Ֆիլիպինների կառավարության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեց: Ըստ համաձայնագրի՝ «Մորոյի ազատագրման իսլամական ճակատը» պետք է հրաժարվեր Մինդանաոն Ֆիլիպիններից անջատելու ծրագրից: Դրանից հետո վերոհիշյալ երկու խմբավորումների միջեւ բախումներ սկսվեցին: