ՌԴ-ում այն աշխատանքային միգրանտները, որոնք աշխատելու արտոնագիր էին ստացել մինչեւ 2015թ. հունվարի 1-ը, կկարողանան երկարաձգել արտոնագրի ժամկետը մինչեւ 1 տարի։ Երկուշաբթի Մոսկվայի քաղաքային դումայի երեք հանձնաժողովների համատեղ նիստ է կայացել, որի ընթացքում տնտեսական քաղաքականության եւ զարգացման հարցերով մայրաքաղաքային դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Մարիա Բագրեեւան հիշեցրել է, որ 2014թ. օտարերկրյա քաղաքացիները կարող էին աշխատանքի թույլտվություն ստանալ միայն ֆիզիկական անձանցից, ընդ որում, պարզեցված ճանապարհով՝ առանց թեստավորման, տեղեկանքների եւ առողջապահական ապահովագրության։ 2014թ. դեկտեմբերին այդ արտոնագրերը հնարավոր էր երկարաձգել առավելագույնը երեք ամսով, իսկ մարտին դրանք ուժը կորցրած կճանաչվեին։

«Մենք ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունում քննարկում ենք ուղղումների հնարավոր փաթեթը՝ այդ արտոնագրերը մինչեւ 1 տարի ժամկետով երկարաձգելու համար՝ նվազեցնելու համար արտոնագիրը երկարացնելու  համար դիմող քաղաքացիների հոսքը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ 2015թ. սկզբին Ռուսաստանում ուժի մեջ է մտել միջրացիոն օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Ներկայումս աշխատանքի արտոնագիր եւ ժամանակավոր կացություն ձեւակերպելու համար օտարերկրյա քաղաքացիները , բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների, պետք է քննություն հանձնեն ռուսաց լեզու, պատմություն եւ իրավագիտություն առարկաներից։ Բացի պետական նմուշի վկայագրից, այդ գիտելիքների հաստատման համար բավարար է ներկայացնել ԽՍՀՄ տարածքում մինչեւ 1991թ. ստացած կրթությունը հաստատող փաստաթուղթ։

Նշենք, որ մասնավորապես, փոխվել է Ռուսաստան մուտռք գործելու եւ աշխատանքի տեղավորվելու կարգը օտարերկրյա քաղաքացների համար։ Հունվարի 1-ից ԱՊՀ քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելու իրավունք կունենան միայն արտասահմանյան անձնագրերով։ Բացառություն են կազմում ԵՏՄ երկրների քաղաքացիները (Բելառուս, Ղազախստան, Հայաստան)։