Դատարկ տեղում հեղաշրջումներ եւ հեղափոխություններ  իրականացնել ցանկացողների դեմ միջոցներ են ձեռնարկվելու։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Երեւանի կենտրոնում փետրվարի 20-ին ոչ իշխանական եռյակի պլանավորած հանրահավաքը։ 

«Հասարակության շրջանում գոյություն ունեցող դժգոհությունները այսպես թե այնպես անհանգստացնում են իշխանություններին, լինեն դրանք տասնյակ հազարավոր, հազար թե հարյուր հոգի։ Սակայն գործը այլ բնույթ է ստանում, եթե մարդկանց անհնազանդության կոչեր են անում։ Դուք գտնում եք, որ նման պահվածքը հարի՞ր է քաղաքական գործչին։ Եվ ի՞նչ մենք պետք է անենք այդ դեպքում։ Թույլ տանք ջո՞ւր լցնել թուրքերի եւ ադրբեջանցիների ջրաղացին։ Այն էլ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին»,- հավելել է Բաղդասարյանը։