Փետրվարի 16-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամում ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակի ղեկավար Քեթրին Մյուլեր-Մարինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Վիետնամում ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքներին եւ սպասվելիք ծրագրերին:

Դեսպան Վարդանյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեությունը եւ հույս հայտնեց, որ Վիետնամում ՀՀ դեսպանությունը եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակը կկարողանան համագործակցության եզրեր գտնել եւ համատեղ ծրագրեր իրականացնել:

Կարեւորելով մշակութային արժեքների պահպանությունը՝ Քեթրին Մյուլեր-Մարին նշեց, որ կարելի է դիտարկել հայկական եւ վիետնամական պատմամշակութային արժեքների վերաբերյալ համատեղ դասընթացների անցկացումը եւ ճանաչողական քննարկումների իրականացումը:

Անդրադառնալով կրթական ոլորտին՝ դեսպան Վարդանյանն ընդգծեց, որ Վիետնամում ՅՈւՆԵՍԿՕ-ի գրասենյակի հետ համատեղ կրթական ծրագրերի հնարավոր իրականացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ գիտակրթական կապերին: