Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ 2014 թվականը հայ-վրացական հարաբերությունների համար ձեռքբերումների տարի էր՝ հագեցած բարձր մակարդակի փոխայցելություններով: Վարչապետը գոհունակությամբ հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է Սադախլո-Բագրատաշեն նոր կամրջի շինարարության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որը երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլում Հովիկ Աբրահամյանը համարում է կարեւոր իրադարձություն:
Հովիկ Աբրահամյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում, ինչը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման գրավականն է: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին:
Հայաստանի վարչապետը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահը կարեւորել են հայ-վրացական քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը եւ կապերի խորացումը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված քայլերին՝ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել ներդրումային նոր նախագծերի իրականացումը եւ հայ ու վրաց գործարարների միջեւ կապերի սերտացումը:
Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
































