Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ, տիկին Ցեցկա Ցաչեւան փետրվարի 16-ին ընդունեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-բուլղարական հարաբերությունների ներկա վիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ: Կարեւորվեց Բուլղարիայի Ժողովրդական ժողովում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների եւ միջխորհրդարանական շփումների, բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:
Ցեցկա Ցաչեւան ընդգծեց, որ Բուլղարիայի հայ համայնքը ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում:
Դեսպան Սհոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային արդի մի շարք հարցերի շուրջ:





























