Այն, որ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը տեղի ունեցավ ոչ թե անմիջապես ապրիլի 24-ից առաջ, այլ փետրվարի կեսին, մասամբ պայմանավորված է ներքաղաքական իրադարձություններով։ Այս մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ փորձագետները կանխատեսում էին դեպքերի նման զարգացումը, եւ հասարակությունն էլ սպասում էր դրա։ն Ըստ Մինասյանի՝ ակնհայտ էր, որ մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունների հետ ինչ-որ բան պետք է արվեր։ «Գաղտնիք չէ, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը վերջին ժամանակներս պայմանավորված էր հայկական սփյուռքի եւ սփյուռքում ու մասամբ Հայաստանում առավել ակտիվ  քաղաքական ուժի դիրքորոշմամբ։ Ավելին՝ ՄԱԿ հարթակներից հնչած հայտարարություններն ուղղված էին ոչ այնքան Անկարային, որքան Բեյրութին, Վաշինգտոնին կամ Փարիզին, այսինքն՝ այնտեղ ապրող հայկական համայնքներին։ Եվ բնականաբար, ներքաղաքական ճգնաժամի շրջանում, կարծում եմ, ՀՅԴ աջակցությունը կամ գոնե համակրանքը Սերժ Սարգսյան համար շատ ցանկալի կլիներ»,- նշեց Սերգեյ Մինասյանը։

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապագայում նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությանը՝ քաղաքագետը վստահեցրեց, որ վաղ թե ուշ, նման փաստաթուղթ, բնականաբար, պետք է լինի, օրինակ՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին։

«Սակայն կլինի արդյոք այդ փաստաթուղթը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարդ փոխզիջումների եւ բանակցությունների արդյունք, ինչպիսին արձանագրություններն էին, կամ երբ դա տեղի կունենա, ես չեմ կարող ասել։ Սակայն այն, որ վաղ թե ուշ, այդ փաստաթուղթը լինելու է, դա պարզ է»,- եզրափակեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակ էր հղել Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին։