ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18 նախարարների կաբինետի անդամների հետ կքննարկի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ուժի մեջ մտնելու հարցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը հերթական նիստը կանցկացնի կառավարության անդամների հետ, որի ընթացքում կքննարկվի ԵՏՄ մասին պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ լիազորությունների՝ վերազգային մակարդակի անցնելու հարցը»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը 2014թ. մայիսի 29-ին Աստանայում համաձայնագիր ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին, որին 2015թ. հունվարի 2-ին միացավ նաեւ Հայաստանը։ Մայիսին սպասվում է Ղրղզստանի անդամակցությունը։ ԵՏՄ ստեղծումը նախկին Մաքսային միության անդամ երկրներին, որոնց ՀՆԱ-ն կազմում է ԱՊՀ համախառն արդյունքի 85 տոկոսը, հասցնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով՝ ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն շուկայի ձեւավորման գործընթացը, որը նոր հզոր կենտրոն կդառնա տնտեսական զարգացման համար։




























