ԱՄՆ-ն հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը վերսկսելու շուրջ հետաքրքրությունն ամենեւին էլ չի մարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի առաջիկա այցին Հայաստան:
Նա հիշեցրեց, որ ամերիկյան կողմը հայտարարել է, թե քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության եւ քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
«Այսինքն՝ դա նշանակում է, որ երկու ուղղությամբ էլ ԱՄՆ-ն խնդիրները քննարկելու կարիք ունի: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա մենք պետք է հասկանանք. անցյալ տարվա լարվածությունը ժամանակավորապես մարեց, բայց աշնանը հայկական ուղղաթիռի կործանումից հետո արագորեն վերականգնվեց: Նոր տարին նույնպես բավական տհաճ սկսվեց»,- փաստեց Սաֆարյանը:
Ըստ նրա, հարկավոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն, որը շարունակում է ջանքեր գործադրել բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ, դեռեւս ցանկալի արդյունքի չի հասել:
Հիշեցնենք, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը փետրվարի 18-ին ժամանելու է Հայաստան: Նա հանդիպումներ է ունենալու պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-ին Նուլանդն այցելել է Բաքու, իսկ տարածաշրջանային այցի շրջանակում Թբիլիսիում է փետրվարի 17-ին:





























