Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հունգարիա կատարած այցի նախօրեին Բուդապեշտում բողոքի ակցիա է անցկացվել: AFP գործակալության տվյալներով, Human-Platform շարժման նախաձեռնած ակցիային շուրջ 2 հազար մարդ է մասնակցել:

Ռուսաստանի նախագահը կարճատեւ այցով Բուդապեշտ է ժամանում փետրվարի 17-ին: 2014 թվականի հունիսից ի վեր սա ռուսական առաջնորդի առաջին այցն է Եվրամիության անդամ երկիր: DW-ի փոխանցմամբ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ նրա բանակցությունների թեման էներգետիկ հարցերն են լինելու:

Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետի հետ հանդիպելու է դեմ առ դեմ ձեւաչափով: Նախանշված է նաեւ Պուտինի հանդիպումը Հունգարիայի նախագահի հետ:

Աշխատանքային այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը լինելու է Հունգարիայի Հազարամյակի հուշարձանում եւ ծաղկեպսակ է դնելու Անհայտ զինվորի գերեզմանին: Պուտինը մասնակցելու է նաեւ Բուդախեշտի ազատագրման 70-ամյակին նվիրված միջոցառմանը եւ ծաղկեպսակ է դնելու խորհրդային զինվորների հուշարձանին: