Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը զեկույց է հրապարակել ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրում գյուղտեխնիկայի առկայության մասին: Եթե դիտարկենք վերջին 5 տարիներին գյուղտեխնիկայի հիմնական 11 տեսակների պարկի առկայության դինամիկան, ապա առաջընթաց կա 7 տեսակների գծով: Կարեւորագույն տեսակներից մեկի՝ տրակտորների թիվն ավելացել է 248 միավորով կամ 1.7%-ով:
Նույն ժամանակահատվածում մի քանի անգամ նվազել է բեռնատարների պարկը. 274 միավորով կամ 1.8%-ով: Պետք է ենթադրել, որ դա տեղի է ունեցել հիմնականում անսարք տեխնիկան փրկելու հաշվին, որի թիվը նվազել է 247 միավորով:
Պաշտոնական տվյալներով, 2010-2014 թվականներին երկրի ցանքատարածությունները մեծացել են 13.8%-ով, այդ թվում ցորենի ցանքերը՝ 21.5%-ով: Միաժամանակ, ասենք, կոմբայնների թիվը վերջին 5 տարիներին կրճատվել է 4.0%-ով: Ընդ որում, առկա կոմբայններից սարքին է ընդամենը 85.8%-ը:
Խորհրդային տարիներին գյուղի մեխանիզացիան ոլորտի կարեւորագույն խնդիրներից էր: Եվ այդ խնդիրը, ի դեպ, հաջողությամբ լուծվում էր: Կայսրության անկումը եւ դրան հետեւանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հետխորհրդային մի շարք երկրներում հանգեցրին գյուղտեխնիկայի պարկի զգալի կրճատման:
Օրինակ՝ Ռուսաստանում գյուղատնտեսական կազմակերպություններում 1990-2011 թվականներին տրակտորների թիվը կրճատվել է գրեթե 4.7 անգամ: Իսկ մեզ մոտ նույն ժամանակահատվածում տրակտորների պարկը նույնիսկ 6.7%-ով ավելացել է: Այսպիսին են պաշտոնական տվյալները: Բայց հարցը միայն քանակության մեջ չէ, այլ որքանով է այդ տեխնիկան նորմալ աշխատում: «Միջին» ֆերմերը տեխնիկայի հետ կապված հարցերը հաջողությամբ լուծել չի կարող: Դրա համար պետական աջակցություն է հարկավոր, ինչպես նաեւ գյուղացիների կոոպերացիա:
Մեր ֆերմերային տնտեսությունների պարագայում (շուրջ 1 հեկտար միջին ցանքատարածությամբ) ավելի շատ հարմար է գյուղատնտեսության եվրոպական մոդելը (որտեղ լայնորեն օգտագործվում է կոոպերացիան), քան ԱՄՆ ֆերմերային տնտեսությունների մոդելը: Եվրոպայում ֆերմերային տնտեսությունների միջին մակերեսը կազմում է 22 հեկտար, իսկ ահա ԱՄՆ-ում՝ մի քանի անգամ ավելի. 180 հեկտար:





























