Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանին ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ նոր դատավորի ընտրությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ ըստ Եվրոպական կոնվենցիայի եւ ՄԻԵԴ-ի կանոնների՝ դատավորները շարունակում են իրենց վարույթում եղած գործերը վարել, մինչեւ իրենց փոխարեն նոր դատավոր նշանակեն, հենց այդ նպատակով էլ նորից Ալվինա Գյուլումյանին հետ են ուղարկել Ստրասբուրգ՝ հայկական գրասենյակի աշխատանքները շարունակելու:
Սա, ըստ փաստաբանի, Սահմանադրության խախտում է, քանի որ Սահմանադրական դատարանի անդամը չի կարող այլ պաշտոն զբաղեցնել: «Նա չի կարող համարվել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր, որովհետեւ այդ պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն Ալվինա Գյուլումյանը, հրաժարական է տվել եւ այդ պահից ի վեր այդ պաշտոնը թափուր է, այդտեղ աշխատող մարդ չկա: Ալվինա Գյուլումյանը չի կարող համարվել նաեւ ժամանակավոր պաշտոնակատար, ինքը ընդամենը փոխարինող է, փաստորեն՝ ՍԴ-ի դատավորին ուղարկել են Եվրոպական դատարանում որպես փոխարինող դատավոր, դա էլ այն դեպքում, երբ ՀՀ-ն ունի փոխարինող դատավոր»,-նշեց փաստաբանը: Տիգրան Եգորյանը հարց է բարձրացնում՝ ինչու չեն ուղարկել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորին փոխարինող դատավորին, այլ ուղարկել են Ալվինա Գյուլումյանին:
Ի դեպ, մյուս վիճահարույց հարցն էլ այն է, որ Ալվինա Գյուլումյանը հանդիսանում է նաեւ ՄԻԵԴ հայաստանյան մրցույթի հանձնաժողովի անդամ, այնինչ ըստ Սերժ Սարգսյանի հրամանագրի՝ հանձնաժողովի անդամ պետք է լինի Եվրոպական դատարանում ՀՀ-ի կողմից ներկայացված դատավորը, մինչդեռ այդ պաշտոնը թափուր է:
Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը կշարունակի պաշտոնավարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ որպես Հայաստանի դատավոր:





























