«Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլում պայթեցրել են կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով մոտ 10 հազար գիրք: Այս մասին հաղորդում է «Էլաֆ» ինտերնետը-պորտալը:
Գրադարանի տնօրենի խոսքով՝ պայթյունի հետեւանքով երեքհարկանի շենքում հրդեհ է բռնկվել: Գրադարանի բակում իսլամիստները Իրաքի մշակութային ժառանգություն համարվող գրքերից ու ձեռագրերից խարույկ են վառել:
Ոչնչացված գրքերի շարքում կան մշակույթի, փիլիսոփայության ու պատմության եզակի հանդիպող աշխատություններ: «Իսլամական պետության» գրոհայիններ իրենց գործողություններն արդարացրել են նրանով, որ գրքերն ու ձեռագրերն իբր այլախոհություն են ծնում, հաղորդում է Lenta-ն:
Իր հերթին, Անբար նահանգի խորհրդի անդամ Ադալ ալ-Ֆահդաուին հայտնել է, որ վերջին շաբաթներին արմատականները ավերել են եւս մի քանի գրադարաններ՝ ոչնչացնելով այնտեղ պահվող ավելի քան 100 հազար գիրք:



























