Բանգլադեշում նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 65-ի եւ դեռ կշարունակի աճել: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողներին հայտնել է մարզի ոստիկանության ներկայացուցիչ Ռակիբուզ Զամանը, հաղորդում է Daily star թերթը:
Սպայի խոսքով՝ 65 մարմին դուրս է բերվել ափ: Նրանցից 30-ի, այդ թվում 8 երեխաների ինքնությունը պարզվել է:
Նախնական գնահատականներով, «Մուստաֆա» նավի վրա եղել է 200 մարդ: Առնվազն 41 ուղեւոր համարվում է անհետ կորած, փրկվել է 60 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լուսաբացին ողբերգության վայր է ժամանել «Ռուստամ» փրկարարական նավը, որը հագեցած է հատուկ տեխնիկայով եւ ափ է հանել խորտակված նավը:
Ներկայումս հետազոտում են նավի բոլոր սենյակները: Իշխանությունները պնդում են, որ զոհերի եւ անհետ կորածների մասին հստակ թիվ ներկայացնել չեն կարող, քանի որ նավի տերը գրանցում չի կատարել:


























