Վրաստանում մեծ կոալիցիա ստեղծելու նպատակը երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ավտորիտար ռեժիմից ազատվելն էր: Քանի որ այդ առաքելությունը կատարված է, չի բացառվում կոալիցիայի վերաձեւավորումը մինչեւ 2016-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Այս մասին ինտերնետային ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը հանդիսացող, Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սաքրեբուլո) անդամ, քաղաքագետ Բեկա Նացվլիաշվիլին:
Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ կապված Վրաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, հաշվի առնելով, որ 2014-ի նոյեմբերին հրաժարական տվեցին պաշտպանության եւ ԱԳ նախարարները, նա պատասխանել է, որ շատերը փորձում են դա գնահատել որպես երկրի քաղաքակիրթ զարգացման ընտրության փոփոխության: «Կարծում եմ, այդ ամենը պաշտպանության նախարարի հավակնոտ քայլերի ու հայտարարությունների արդյունք էր, որը հանգեցրեց նրան, որ վարչապետը հեռացրեց նրան իր պաշտոնից: Զարմանալի չէ, որ նրա հեռանալուց հետո հեռացավ նաեւ իր ողջ թիմը եւ դուրս եկավ «Վրացական երազանք» կոալիցիայից»,-նշել է Նացվլիաշվիլին:
Նրա խոսքով՝ կոալիցիան էկլեկտիկայի տեսանկյունից առանց այդ էլ շատ փխրուն միավորում է: «Կոալիցիայում են պահպանողականներն ու ազատականները, ձախ հայացքներ ունեցող ուժերը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, բոլորին միավորում է ընդհանուր ռազմավարական տեսլականը: Այդ առումով տարբերությունները կարող են լինել միայն մարտավարական բնույթի»,-կարծիք է հայտել Բեկա Նացվլիաշվիլին:
Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռանալու մասին: Ալասանիայից հետո հրաժարական էին տվել նաեւ Եվրոպական եւ եվրատլանտյան հարցեր պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: Վերջինիս հետ հեռացել էին նաեւ ԱԳ փոխնախարարներ Դավիդ Զալկալիանին, Թամար Բերուչաշվիլին եւ Դավիդ Ջալագանիան:





























