Ադրբեջանում հարսանիքները ժամանակավոր արգելվելու են: Ըստ haqqin.az-ի, Բաքվի ռեստորաններին արգելել են կամ խորհուրդ չեն տալիս հարսանիքի պատվերներ վերցնել Եվրոպական առաջին խաղերի անցկացման ժամանակաշրջանում: Այս որոշումը, իբր, կայացվել է՝ մայրաքաղաքի ճանապարհներին խցանումներից խուսափելու համար:
Տեղեկությունը ATV հեռուստաալիքի հարցազրույցում հաստատել է Ճանապարհային ոստիկանության Բաքվի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ-լեյտենանտ Վագիֆ Ասադովը: Այսինքն՝ կարեւոր չէ այն, որ ամուսնանալու ցանկություն ունեցող զույգերը, հնարավոր է, ցանկանում են այդ իրադարձությունների եւ այդ ժամանակահատվածի՝ հունիսի 12-28-ի հետ հիշողություններ կապել:
«Գուցե, ընդլայնենք չինովնիկական բռնակալությունը եւ խորհուրդ տանք հարսանիքի գնալ հասարակական տրանսպորտո՞վ: Այո, հարսնացուի ճերմակ զգեստն ու փեսացուի կոստյումը կարող են փչանալ, բայց փոխարենը խցանումներ չեն լինի: Թե՞ դրանք, ամեն դեպքում, կլինեն: Կարեւոր չէ: Գլխավորը, սա չինովնիկների նախաձեռնությունն է, ընդ որում, այնպիսին, որ երգիծաբաններն այլեւս կատակելու թեմա չեն ունենա: Եվ ոչ միայն: Նրանք՝ չինովնիկները, այլ ոչ թե երգիծաբանները, կարող են մայրաքաղաքի քաղաքացիներին խորհուրդ տալ Եվրոպական խաղերի շրջանում Բաքվի կենտրոնի հասարակական զուգարաններ չմտնել: Կարելի է նաեւ բաքվեցիներին խորհուրդ տալ այդ օրերին պակաս շնչել, որպեսզի ավելի շատ թթվածին մնա զբոսաշրջիկներին: Սխալվում եք: Չկա այնպիսի խորհուրդ, որն ադրբեջանական չինովնիկները չեն կարող տալ՝ մրցակցելով երգիծաբանների հետ: Իսկ ահա մեզ, զարմանալիորեն, կարծես զվարճալի չէ չինովնիկական այդ հումորից: Երեւում է՝ ժողովուրդը պարզապես ի վիճակի չէ գնահատել այդ հումորի նրբությունը»,- ծաղրում է աղբյուրը:





























