Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայտարարությունը չի կարող ընդունվել։ Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանի նիստի ժամանակ  հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի օրինագիծը։ 

Նա նշել է, որ նախագիծը ներկայացվել է՝ ի հեճուկս նախկինում հրավիրած խորհրդակցությունների, ինչպես նաեւ օրինագծում հաշվի չեն առնվել նախկինում  մատնանշված թերությունները։ «Ընդունել նախագիծը նման թերի եւ խոցելի խմբագրությամբ, նշանակում է մեծ նվեր մատուցել Սերժ Սարգսյանին»,- հայտարարել է Զուրաբյանը։ 

Խմբակցությունում չընդգրկված, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը առաջարկել է Փաշինյանին հետաձգել օրինագծի քննարկումը, մինչեւ ընդդիմությունը նոր միասնական մոտեցում կմշակի։ 

Առաջարկը Փաշինյանի կողմից մերժվել է։