Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանին «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոցից արդեն տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդի փաստաբանը՝ Լիանա Բալյանը: Նա նշեց, որ դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է, սակայն դեռ եզրակացությունը չկա:
Փաստաբանը շատ դժգոհ է քննության ընթացքից: Նա նշեց, որ դեռեւս դետեմբերի 29-ին միջնորդել էր դատավտոտեխնիկական փորձաքննություն նշանակել, սակայն հունվարի 20-ին քննիչը որոշել էր հետաձգել իր միջնորդության քննարկումը: «Փետրվարի 11-ին քննիչը նշանակել է ավտոտեխնիկական փորձաքննություն և նոր փետրվարի 23-ին գործն ուղարկում է փորձագետներին: Սակայն քննիչը խուսափում է փորձաքննությամբ պարզել ավտոմեքենաների բախման կետը և իմ հարցին պատասխանեց, որ դեպքի օրը ինքը չափագրել է և փարձաքննության կարիք չկա: Փաստորեն ստացվում է, որ քննիչը բացի իրավաբան լինելուց նաև շատ լավ փորձագետ է և իր չափագրումները պետք է հանդիսանան գործով ապացույց և փորձաքննության կարիք չկա»,-ասաց փաստաբանը:
Լիանա Բալյանի մյուս դժգոհության պատճառն այն է, որ արդեն 4 ամիս է՝ քննիչը գործ չի հարուցում «Գազելի» վարորդ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ՝ պատճառաբանելով, թե նա արդեն մահացած է: «Ես չեմ կարողանում հասկանալ եթե մահացել է, ուրեմն ամբողջ մեղքը միակողմանի պետք է բարդվի «Կամազի» վարորդի վրա: «Գազել» մեքենան, որը տեղափոխում էր ուղևորներ, միշտ պետք է պատրաստ լիներ և արգելակեր մեքենան, մի գուցե «Կամազի» փոխարեն ճանապարհին հեծանիվով երեխա էր անցնում, կամ անասուններ էին անցնում, կամ ժայռաբեկոր էր ընկած, կամ էլ «Կամազը» խափանվել և կանգնել էր ճանապարհին: Միթե վարորդը պարտավոր չէ՞ր կանխատեսելով վտանգները միշտ ունենար արգելակելու հնարավորություն»,-ասաց փաստաբանը:
Լիանա Բալյանը շեշտեց, որ տարվում է բացահայտ միակողմանի և գավառական նախաքննություն, որովհետև Արթիկի քննչականը չի ցանկանում վատամարդ լինել նույն մարզի «Բարգավաճ Հայաստան կուսակցության» Շիրակի մարզային կառույցի ղեկավար` ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, որը ընտրվել է Գյումրիից և հանդիսանում է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի ոչ պաշտոնական ղեկավարը: Ըստ նրա՝ քննչականը քրեական գործ չի հարուցում եւ չի ուզում մեղավոր ճանաչել «Գազելի» վարորդին, որպեսզի հետագայում տուժողները քաղաքացիական հայց չներկայացնեն «Գազելի» գծի տիրոջ դեմ՝ դրանով արջի ծառայություն մատուցելով պատգամավորին: «Փաստորեն եւ անունն են մաքրում, եւ ազատում են գումարային պարտականություններից, ամբողջ մեղքը բարդելով խեղճ ու կրակ «Կամազի» վարորդի վրա: Եթե փաստորեն գազելի գծի տերը Գյումրու պատգամավոր է, նշանակում է մեղավոր չեն և չպետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ստիպված է երկրորդ անգամ բացարկ հայտնել քննիչին «Գազելի» վարորդի դեմ գործ չհարուցելու, դեպքից 4 ամիս անց դատավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու համար:
Փաստաբանը նշեց նաեւ, որ քննիչը պատրաստվում է փետրվարի 27-ին Մանվել Վարդանյանի դեմ ընտրված խափանման միջոց կալանքը երկոջ ամսով երկարացնելու միջնորդություն անել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:





























