ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կրկին կոչ է արել Բաքվին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատանու սպանած ադրբեջանցի դիվերսանտներին: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ի Վաշինգտոնի սեփական թղթակիցը:

Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով, Միացյալ Նահանգները նախկինում նույնպես հանդես է եկել ադրբեջանցի դիվերսանտներին հայրենիք վերադարձնելու օգտին: Իր ուղերձն ԱՄՆ-ն փոխանցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի միջոցով:

Հիշեցնենք, որ վերջերս տարածաշրջան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը հայկական կողմին համառորեն կոչ արեց «երկու բանտարկյալներին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը»:

«Կողմերը, որպես կանոն, նախկինում գերիներին փոխանակելու միջոցներ են գտել՝ որպես մարդասիրական ժեստ, եւ նման ժեստերը միշտ նվազեցրել են լարվածությունը եւ ամրապնդել կողմերի միջեւ վստահության մակարդակը. հենց դա էլ նա նկատի է ունեցել»,- պարզաբանել է Փսակին:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները խորհուրդ են տվել նման խնդրանքով դիմել Արցախի կառավարությանը, եւ երկրորդ, հիշեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը սպանած անձիք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ ռազմական հանցագործներ են: