Անկարան իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր զինվորականների անվտանգությունն ապահովելու եւ իր պատմական ժառանգությունը պահպանելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Սիրիայում գտնվող Սուլեյման Շահի դամբարանը եւ այն պահպանող  կայազորը տարբանելու թուրքական բանակի գործողությունը:

Կիրակի գիշերը թուրք զինվորականները մտել են Սիրիայի տարածք (Քոբանի քաղաքի շրջանում) եւ շարժվել դեպի  սահմանից  30 կմ հեռավորության վրա գտնվող Սուլեյման Շահի դամբարան (սուլթան Օսմանի պապն է): Դամբարանի պատվավոր պահակախումբը բաղկացած է 39 թուրզ զինվորականից: Նրանց տարհանելու ընթացքում մահացել է մեկ զինվոր: Դամբարանը տեղափոխվել է Թուրքիայի սահմանի մոտ, Սիրիայի Էշմե շրջան:

«Մենք պարտավոր ենք ապահովել մեր զինվորների անվտանգությունն ու մեր պատմական ժառանգության պահպանումը: Առանց տատանվելու այսուհետ եւս կձեռնարկենք նման քայլեր, եթե խնդիրը վերաբերի մեր ազգային անվտանգությանը»,-ասել է Դավութօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է, որ այդ գործողությունը՝ Սիրիայի տարածքում թուրքական ռազմական ներկայության հետ կապված սադրանքները, սպառնալիքներն ու շանտաժը կանխելու ռազմավարական քայլ է եղել: Դավութօղլուի խոսքով՝ Անկարայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ մնում է նույնը, իսկ գործողությունն իրականացվել է այդ երկրում ռազմական հակամարտության ծավալման եւ «Իսլամական պետության» կողմից սպառնալիքների հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ 1921 թվականի Անկարայում կնքված պայմանագրի համաձայն Սուլեյման Շահի դամբարանը համարվում է թուրքական անկլավ Սիրիայի տարածքում, որտեղ այն պաշտպանում են մի քանի թուրք զինվորականներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել դամբարանը: Սիրիայի իշխանությունները դատապարտել են Թուրքիայի ռազմական գործողությունն իրենց տարախքում՝ այն անվանելով ագրեսիա: