Մալայզիական ավիաուղիների անհետ կորած Boeing 777 ինքնաթիռը հնարավոր է ուղղություն էր վերցրել դեպի Անտարկտիդա։ Այս մասին գրում է New York Daily News-ը՝ մեջբերելով ավիավթարների փորձագետների կարծիքը։

Այն բանից հետո, երբ դիսպետչերները կորցրել էին կապը ինքնաթիռի հետ, այն եւս 3 պտույտ էր գործել, որոնցից մեկը՝ դեպի ձախ։ Արդյունքում օդանավը սկզբում ուղղություն էր վերցրել դեպի արեւմուտք, իսկ այնուհետեւ դեպի հարավ՝ դեպի Անտարկտիդա։ Փորձագետ Մալքոլմ Բրեները կարծում է, որ Boeing-ին դիտավորյալ են շեղել ճիշտ ուղղությունից։

Իրադարձությունների նման ընթացքի այս վարկածը մանրամասն կներկայացվի National Geographic հեռուստաընկերության նկարահանած փաստավավերագրական ֆիլմում, որը էկրան կբարձրանա վթարի առաջին տարելիցի օրը, գրում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ Boeing 777-200 ինքնաթիռը անհետացել էր 2014թ. մարտի 8-ին։ MH370 չվերթով Կուալա Լումպուրից Պեկին մեկնող ինքնաթիռը օդ բարձրանալուց քիչ անց անհետացել էր ռադարների էկրաններից, եւ նրա հետագա ճակատագրի մասին  մինչեւ օրս ոչինչ հայտնի չէ։