Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին, որը հունվարի վերջին հայտարարել էր հրաժարական տալու իր որոշման մասին, հետ է վերցրել ներկայացրած համապատասխան հայցը։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera հեռուստաընկերությունը ։
«Հադին համապատասխան դիմումը ներկայացրել էր խորհրդարան»,- հեռուստաընկերությանը հայտնել է Եմենի խորհրդարանի պատգամավորներից մեկը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հանրապետության ղեկավարը հրաժարական տալու իր որոշման մասին հայտնել էր հունվարի 22-ին։ Եմենում իշխանությունն ըստ էության զավթած հուսիները («Անսար Ալլահ» խմբավորման շիա ապստամբները) ողջունել էին այդ որոշումը եւ հայտարարել, որ այն կնպաստի խաղաղ իշխանափոխությանը։ Սակայն հրաժարականի դիմումը չէր ընդունվել խորհրդարանի կողմից եւ օրենքի ուժ չէր ստացել։
Երկար ժամանակ հուսիները Հադիիին տնային կալանքի տակ էին պահում։ Այդուհանդերձ, շաբաթ օրը նրան ազատ էին արձակել։ Մայրաքաղաք Սանայից նախագահն ուղեւորվել էր Ադեն՝ նախկին Հարավային Եմենի մայրաքաղաք։ Այնտեղ Հադին հանդիպումներ էր ունեցել շրջանի ղեկավարների եւ զինվորական հրամանատարության հետ, որոնք դեմ են հուսիների իշխանությանը եւ շարունակում են հավատարիմ մնալ Հադիին։





























