ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ) այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ բնապահպանության նախարարությանն է տրամադրել նոր հոսքաչափեր: Դրանց հանձման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող «Մասիս Ձուկ» ձկնաբուծական տնտեսությունում:

Միջոցառմանը ներկա էինԱՄՆ ՄԶԳ-ի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենիպաշտոնակատարՍյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Բնապահպանությանփոխնախարար Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) պետ Վահան Դավթյանը եւ այլ պաշտոնյա անձինք:

ԲՆ-ին եւ ՋՌԿԳ-ին տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ տեխնիկական աջակցության շրջանակներումԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագիրը ձեռք բերեց վերջին սերնդի շարժական հոսքաչափեր, որոնց կիրառումը նպատակ ունի հզորացնելու Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մեծածավալ օգտագործման հսկողության մեխանիզմները: Հոսքաչափերը կօգտագործվեն ՀՀ ԲՊՆ-ի եւ ՋՌԿԳ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ձկնաբուծական տնտեսությունների՝ տարածքի խոշորագույն ջրօգտագործողների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ծավալների մոնիթորինգի նպատակով:  

2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ/ՄԷՋԾ-ի կողմիցկատարված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային  ռեսուրսների ներկա իրավիճակի գնահատումը հանրությանը ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների տագնապալի իրավիճակը՝ կապված դրանց կտրուկ նվազեցման հետ: Գնահատման համաձայն՝ հիմնական պատճառներից մեկը Արարատյան դաշտում վերջին տարիներին աճող բազմաթիվ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից չվերահսկվող ջրառն է: Ուսումնասիրությունում ներկայացված առաջարկություններից են՝ ժամանակավորապես փակել կամ կոնսերվացնել ապօրինի կամ վնասված հորատանցքերը եւ իրականացնել բոլոր ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրառի ծավալների պարտադիր վերահսկում: Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման պահանջների խստացումը, հետեւողական վերահսկումը, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված նորարարական տեխնոլոգիաների ներդրումը կօգնեն մեղմացնել եւ, ի վերջո, կանխել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների չկարգավորված օգտագործման վնասակար ազդեցությունները:   

«Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի նպատակները միտված են Հայաստանում ջրային եւ էներգետիկ ռեսուրսների կառավարման փորձի, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների բարելավմանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ՄԷՋԾ-ն իրականացնում է մի շարք ջրի եւ էներգաարդյունավետության ծրագրեր տարբեր գյուղական համայնքներում, որոնց նպատակն է ներկայացնել եւ տարածել էներգետիկ եւ ջրային համակարգերի կառավարման լավագույն փորձը: Ծրագրերն իրականացվում են ջրամատակարարման, էներգաարդյունավետ լուսավորության, ջեռուցման եւ ջրատաքացման եւ արեւային էներգիայի կիրառման ոլորտներում: