Հայաստանում կոռուպցիան լճացման փուլում է։ Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նա հիշեցրեց, որ անցած տարվա տվյալներով կոռուպցիայի ընկալման համաթիվը 36 է, ինչը նշանակում է՝ վիճակն այնպիսին է, ինչպես որ հատուկ է բարձր կոռումպացված երկրներին։
«Չմոռանանք, որ խոսքը ոչ միայն կաշառակերության է վերաբերվում, այլեւ հովանավորչությանը, պաշտոնեական դիրքի չարաշահմանը։ Թե ինչու է մեր երկրում կոռուպցիան այս վիճակում, կա երեք պատճառ՝ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, տարածված է մոնոպոլիզացիան եւ իշխանության ճյուղերն ազատ չեն, հենց օրինակ դատական համակարգի ոչ անկախ լինելը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։
Նշենք, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը շրջանցում է Ադրբեջանին եւ Իրանին, սակայն զիջում է Վրաստանին։





























