Պետք է ընդդիմությունը զատենք չուզողների դաստաներից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին ԱԺ-ում Իշխանության կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը:

«Շատ լավ հասկանում եմ ձեր ցանկությունը, բայց էդ ճգնաժամն ավելի լավ է ուրիշ տեղ ման գաք: Ես շատ լավ գիտեմ իմ գործընկերներին, որոնք կլասիկ ընդդիմության հետ կապված դուրս եկան կոալիցիայից եւ իրենց սկզբունքները պահեցին:

Պետք է ընդդիմությունը զատենք չուզողների դաստաներից: Կան չուզողներ, որոնք պարզապես իրենց խաղը խաղում են, զուտ որ ինչքան վատ, էնքան լավ տարբերակով: Ընտրություններին չեն մասնակցում, հետո ուզում են իշխանափոխություն իրականացնել ոչ սահմանադրական եղանակով: Հենց իշխանությունն ուզում է իրեն պաշտպանել, ասում են. «Դու դեմոկրատ չես»,-ասել է նա:

Իր ելույթի վերջում Այվազյանը ընդդիմությանը համեմատել է «Կովկասի գերուհին» ֆիլմի դրվագի հետ՝ նշելով. «Ինձ այս ամենը հիշեցնում է «Կովկասի գերուհու» վերջին տարբերակը, որտեղ ասում է. «Ինքը կարող է ճչալ, կարող է բողոքել, կարող է ասել, որ դատախազություն կդիմեմ, բայց սիրելիներս, դուք ձեր գործը արեք: Դա պարզապես հին կովկասյան ավանդույթ է»: